Քաղցրահամ ջրի պաշարները կազմում են ողջ ջրային զանգվածի 2.5%-ը, ընդորում դրա միայն մի մասն է պիտանի խմելու համար: Քաղցրահամ ջուրը ունի կարևոր ռազմավարական նշանակություն ամբողջ աշխարհում և համարվում է լուրջ գործոն միջազգային հարաբերություններում: Քաղցրահամ ջրի ռեսուրսը համարվում է վերականգնվող, բայց նրա պաշարներն արդեն դասվում են սպառվող ռեսուրսների շարքին, որովհետեւ գնալով ավելի շատ են աղտոտվում եւ կորցնում իրենց պիտանելիությունը, մեծանում են նրա օգտագործման ծավալները, թուլանում է վերարտադրությունը: Երկրագնդի ջրային ռեսուրսներից անսպառ է համարվում միայն համաշխարհային օվկիանոսը:
Քաղցրահամ ջուրը սահմանափակ և խոցելի ռեսուրս է: Մարդու համար այն անփոխարինելի է: Երկրագնդի ցամաքում ջրային պաշարները շատ անհավասար են բաշխված: Համաձայն որոշ գնահատականների, զարգացող երկրներում մեկ մլրդ մարդ զրկված է մաքուր ջուր օգտագործելու հնարավորությունից, իսկ աշխարհի բնակչության 20 տոկոսը զգում է նրա անբավարարությունը: Ջրի անբավարարությամբ են տառապում Հյուսիսային Աֆրիկայի, Մերձավոր արևելքի, Ասիայի երկրները: Քաղցրահամ ջրի պաշարները բավարար չեն ողջ մարդկության համար: Մարդիկ ջուրը օգտագործում են շատ անխնայողաբար և աղտոտում են այն: Քաղցրահամ ջրերի խոշորագույն օգտագործողը գյուղատնտեսությունն է: Ներկա պայմաններում զգալիորեն բարձրացել է ընդերքի քաղցրահամ ջրերի օգտագործումը, որն ավելի է ուժեղացնում այդ ռեսուրսի ընդհանուր դեֆիցիտը: Քաղցրահամ ջրերի հետագա դեֆիցիտը չխորացնելու համար անհրաժեշտ է բարձրացնել նրա օգտագործման արդյունավետությունը: Ըստ որոշ կանխատեսումների, 2050 թվականին 50 երկրներում ջրի անբավարարությունից կտառապի 3 մլրդ մարդ:
Ներկայումս բազմաթիվ երկրներ չունեն բավարար քանակի ջրային ռեսուրսներ, որոշ երկրներ ի վիճակի չեն կուտակելու այն, իսկ շատ երկրներում բացակայում է զարգացման, ջրի կառավարման արդյունավետ քաղաքականության վարման հնարավորությունը:Պետությունների կողմից անհրաժեշտ է մշակել համալիր գործողությունների ծրագիր` ջրի կայուն վերարտադրությունը ապահովելու նպատակով:
Աշխարհի ջրային ռեսուրսների էկոլոգիական վիճակի և օգտագործման ֆոնի վրա Հայաստանի համանուն պատկերը ուժգնացող է: Մեր ընդհանուր ջրային մուտքը տեղումների միջոցով կազմում է մոտ 18 մլրդ խորանարդ մետր, որից 10 մլրդ-ը գոլորշիանում է, 5 մլրդ-ը կազմում է մակերեսային հոսքը, մնացածը ներծծված ջրերն են, որոնք սնում են աղբյուրներն ու գետերը, լրացնում արտեզյան ավազանը: Հայաստանի տարածքում գոյություն ունեցող 70 մլրդ մետր խորանարդ ջուրը օգտագործման ներկա մակարդակով և տեխնոլոգիաներով «բավարարում» է ժողովրդի կենցաղի եւ արտադրության բոլոր պահանջները` միաժամանակ ապահովելով գետերի և ավազանների ինքնամաքրումն ու էկոլոգիական վիճակը: Եվ, եթե Հայաստանում ջուրը օգտագործվի խնայողաբար ապա Հայաստանը կհամարվի աշխարհի ամենաբարենպաստ վիճակում գտնվող երկրներից մեկը: Բայց ցավոք սրտի ջուրը օգտագործվում է ոչ խնայողաբար, անտեղի կորուստները մեծ են, ջրագծերը այնքան քայքայված և հին են, որ ջրի կորուստ շատ է լինում և բացի այդ մեր երկրում, և ոչ միայն մեր երկրում, մարդիկ ջուրը շատ հաճախ օգտագործում են անհարկի:
Ջրի պաշարների պահպանման և մեծացման հարցը միշտ էլ եղել է արդիական, հատկապես մեր ժամանակներում, մարդկությունը վտանգել է ջրի պաշարների շարունակական լինելը: Առանց ջրի մարդկությունը, կենդանական և բուսական աշխարհները չեն կարող գոյատևել, ցանկացած ոտնձգություն բնության նկատմամբ կարող է աղետալի լինել մարդկանց համար
Ջրային ռեսուրսների պահպանումը յուրաքանչյուր պետության գերակայությունն է, ուստի հարկավոր է ստեղծել և ամրապնդել տեխնիկական հնարավորություններ, կիրառել նոր մեթոդներ ջրի աղտոտման դեմ, վերահսկել այն ջրային ավազանները, որտեղ կարող են թափվել թունավոր նյութեր ու թափոններ: Մենք ինքներս պետք է պահպանենք ջուրը, հնարավորին չափ այն խնայելով և օգտագործելով հարկ
եղած դեպքերում` մտածելով շրջակա միջավայրի և ապագայի մասին